«Բարսելոնան» և «Կոպենհագենը» պաշտոնապես հաստատել են շվեդ ֆուտբոլիստ Ռունի Բարջիի տեղափոխությունը կատալոնական ակումբ։ 19-ամյա եզրային հարձակվողը կնքել է պայմանագիր մինչև 2029 թ․ հունիսի 30-ը։
Բարջին խաղում է աջ եզրում և աչքի է ընկնում տեխնիկական վարպետությամբ, արագությամբ ու գոլային ինտուիցիայով։ Նա կարողանում է գերազանցել մեկ-մեկի դեմ պայքարում և կատարել բարձր ճշգրտության հարվածներ, ինչն «Բարսելոնային» թույլ կտա նոր շունչ հաղորդել աջ եզրի հարձակողական գծում։
Ֆուտբոլիստը ծնվել է 2005 թ․ նոյեմբերի 15-ին Քուվեյթում, սակայն ներկայացնում է Շվեդիան։ Սկսել է ֆուտբոլային ուղին «Մալմյոյի» համակարգում, իսկ 2020-ից միացել է «Կոպենհագենի» ակադեմիային։ Դանիական ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2022-ից՝ մասնակցելով 84 հանդիպման, խփելով 15 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
Չնայած լուրջ վնասվածքի պատճառով մեկ տարով դաշտերից դուրս մնալուն՝ նա ամբողջովին վերականգնվել է և շարունակում է ապացուցել իր բարձր որակները։ Բարջին «Կոպենհագենի» կազմում նվաճել է երեք անգամ Դանիայի Սուպերլիգայի չեմպիոնի տիտղոս և երկու անգամ Գավաթը՝ մի շարք խաղերում դառնալով վճռորոշ կերպար։
2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է Դանիայի առաջնության 5 և Գավաթի 1 խաղի, սակայն դեռ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7.5 մլն եվրո։
Անձնական կենսագրությունից ուշագրավ է, որ Բարջիի ծնողները ծագումով Սիրիայի Հալեպ քաղաքից են, իսկ TheMatchMinute-ի տվյալներով՝ նրա հայրը ունի հայկական արմատներ։