Մարկ Բերնալ. «Կա մտավախություն, որ չեմ վերադառնա նախկին մարզավիճակիս»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը խոսել է վնասվածքից ապաքինվելու և թիմի մնացած անդամների հետ մարզումներին մասնակցելու մասին։

«Սկզբունքորեն, ես կարող եմ սկսել մարզվել նախամրցաշրջանի սկզբում՝ թիմակիցներիս մնացած մասի հետ։ Բայց չգիտեմ, թե երբ կկարողանամ խաղալ։

Կա մտավախություն, որ չեմ կարողանա վերադառնալ նախկին մակարդակին, բայց ես ուզում եմ դա անել վստահությամբ», – 18-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում Բերնալը Լա Լիգայի առաջին երեք խաղերում կատալոնական ակումբի մեկնարկային կազմում էր։ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի (2-1) ավելացված ժամանակում կիսապաշտպանը ստացավ խաչաձև կապանների պատռվածք և կողմնային մենիսկի վնասում։ Վիրահատությունից հետո Բերնալը բաց թողեց մրցաշրջանի մնացած մասը։