«Ատլետիկի» նախկին նախագահը կտրուկ է արտահայտվել «Բարսելոնայի» հասցեին

Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին նախագահ Այտոր Էլիզեգին կտրուկ է արտահայտվել «Բարսելոնայի» տրանսֆերային մտադրությունների մասին, որը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսով:

Բասկերի ղեկավարությունը նախկինում հստակեցրել է, որ պատրաստ չէ զիջումների գնալ հրաժարագնի վճարման հարցում, և տրանսֆերն ինքնին, ըստ լուրերի, կարող է կատալոնացիներին արժենալ 58-ից 62 միլիոն եվրո: Էլիզեգին, որը գլխավորել է Բիլբաոյի ակումբը 2018-ից 2022 թվականներին, հուզականորեն արձագանքել է իր սանի հնարավոր հեռանալուն։

«Բարսան շատ հեռու է այն արժեքներից, որոնք մի ժամանակ ներկայացնում էր: «Բարսելոնան» այլևս եզակի չէ: Այն բավականին հեռու է այն արժեքներից, որոնք մենք բոլորս հիշում ենք: Նիկոն այստեղ է եկել մանկուց, մենք ենք նրան մեծացրել: Երբ նա ցույց է տալիս, որ չի ուզում լինել «Ատլետիկում», դա ցավալի է», – նախկին նախագահի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հայտնի է, որ «Ատլետիկը» պնդում է ամբողջ հրաժարագնի գումարի միանվագ վճարման վրա, մինչդեռ «Բարսելոնան» առաջարկում է այն բաժանել մասերի։