FIFA Club World Cup. «Չելսին» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բենֆիկային» 🎥

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Չելսին» լրացուցիչ ժամանակում 4-1 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։

Լոնդոնցիների կազմից 64-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ռիս Ջեյմսը։ 85-րդ րոպեին մրցավարը ընդհատեց խաղը մարզադաշտի տարածքում տեղի ունեցած ամպրոպի և կայծակի պատճառով, ինչի պատճառով խաղը շարունակվեց երկու ժամ անց։ 90+5-րդ րոպեին Անխել Դի Մարիան անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում պորտուգալական թիմի հարձակվող Ջանլուկա Պրեստիաննին ստացավ երկրորդ դեղին քարտը և լքեց խաղադաշտը։ Դրանից հետո լոնդոնցիների երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը, աչքի ընկան Քրիստոֆեր Նկունկուն, Պեդրո Նետոն և Կիրնան Դյուսբերի-Հոլը։

«Չելսին» քառորդ եզրափակչում կմրցի «Պալմեյրասի» հետ։ Խաղը կկայանա հուլիսի 5-ին և կսկսվի Երևանի ժամանակով 17։00-ին։