Էնցո Մարեսկա. «Սա այլևս ֆուտբոլ չէ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խիստ քննադատությամբ է արձագանքել ԱՄՆ-ում ընթացող Աշխարհի ակումբային առաջնությունում եղանակային պատճառներով հանդիպումների դադարեցման պրակտիկային։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, մասնագետը վերջին դեպքը՝ «Բենֆիկայի» դեմ 1/8 եզրափակիչ խաղում գրեթե երկու ժամ տևած ընդմիջումը, անվանել է «ծաղրանք»։

«Մենք լիովին վերահսկում էինք հանդիպումը, սակայն երկար դադարը փոխեց դինամիկան։ Սա այլևս ֆուտբոլ չէ, գուցե ԱՄՆ-ը պարզապես հարմար վայր չէ այս մրցաշարի համար», – նշել է Մարեսկան։ Նրա խոսքով՝ նման դեպքերում խաղը պետք է ամբողջությամբ տեղափոխվի մեկ այլ օր, այլ ոչ թե վերսկսվի ժամեր անց։

Հաջորդ փուլում լոնդոնյան թիմը ուժերը կչափի բրազիլական «Պալմեյրասի» հետ։