«Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» 23-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկեի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պահանջում է 100 միլիոն եվրո։ Մերսիսայդցիները կկարողանան սկսել կոնկրետ քայլեր ձեռնարկել Էկիտիկեին ձեռք բերելու համար, հենց որ վաճառեն հարձակվող Դարվին Նունյեսին։
Նշվում է, որ այս պահին միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է քննարկել 23-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը «Այնտրախտի» հետ, բայց նրա համար առաջարկ չի արել։
Նախորդ մրցաշրջանում Էկիտիկեն մասնակցել է 48 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։