Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է իր հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից»։
«Կարծում եմ՝ հիմա լավ ժամանակ է ավարտելու պատմությունը՝ հաշվի առնելով, թե ինչպես է անցել մրցաշրջանը։ Կատարյալ ավարտ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իմ երեք մրցաշրջանների համար։ Դա ինչ-որ յուրահատուկ բան էր: Խաղադաշտը լքել գոլով և հաղթանակով, բոլորի ժպիտով, դա իսկապես հիանալի է։
Այս ակումբի հետ կապված շատ լավ հիշողություններ կան՝ հատուկ խաղեր, հատուկ մարդիկ, որոնց հետ ես հանդիպեցի այստեղ, ինչպես նաև երկու գավաթ և մի քանի եզրափակիչ։
Ես վայելեցի ակումբում անցկացրած ժամանակը, շատ շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդին», երկրպագուներին և իմ թիմակիցներին։ Առաջին օրվանից ես ինձ տանը զգացի այստեղ, այս ակումբը հատուկ տեղ ունի իմ սրտում։
Հուսով եմ, որ առջևում ավելի պայծառ ժամանակներ են սպասվում, ինչպես մեզ ասաց մարզիչը: Այսպիսի երկրպագուներով ակումբը մեծ ապագա ունի», – Էրիկսենի խոսքերն է մեջբերում Պրեմիեր Լիգայի ակումբի պաշտոնական կայքը։
Քրիստիան Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Դանիացին թիմի կազմում մասնակցել է 107 հանդիպման, խփել է ութ գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Թիմի կազմում ֆուտբոլիստը նվաճել է Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը։