ՖԻՖԱ-ն արձագանքել է «Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի պնդումներին՝ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի «Պաչուկայի» դեմ խաղի վերջին րոպեներին ռասիստական վիրավորանքների մասին։
«Խաղի արձանագրությունները վերլուծելուց հետո ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն հետաքննություն է սկսել «Պաչուկայի» ֆուտբոլիստ Գուստավո Կաբրալի նկատմամբ՝ կապված նրա և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Անտոնիո Ռյուդիգերի միջև հունիսի 22-ին Շառլոտում կայացած Աշխարհի ակումբային առաջնության խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ», – ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ 32-ամյա գերմանացին խաղի վերջում զայրացած էր արգենտինացու հետ վիճաբանությունից հետո և միջադեպի մասին խոսեց բրազիլացի մրցավար Ռամոն Աբատի Աբելի հետ: «Պաչուկայի» ֆուտբոլիստը հերքեց, որ ռասիստական վիրավորանքներ է հասցրել «Ռեալ Մադրիդի» պաշտպանին: