Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ստիպված կլինի տևական ժամանակ չխաղալ ուսի վնասվածքի պատճառով։ Ինչպես հայտնում է լրագրող Ալբերտո Պերեյրոն, անգլիացի ֆուտբոլիստը բաց կթողնի մոտավորապես 3-ից 4 ամիս։
Բելինգհեմն ավելի վաղ հաստատել էր, որ վիրահատության է ենթարկվելու Ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որում «Ռեալը» դեռ շարունակում է պայքարը։ Վնասվածքի հետևանքով նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել նաև նոր մրցաշրջանի մեկնարկին։
Անգլիացի կիսապաշտպանը միացել է «Ռեալին» 2023 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելով 113 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։