Իլկայ Գյունդողանը համաձայնության է եկել մեկ այլ ակումբի հետ

Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն՝ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստը հասել է համաձայնության Ստամբուլի «Գալաթասարայի» հետ և արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի մանրամասները։ Տեղեկացվում է, որ Գյունդողանը բանակցել է թուրքական ակումբի ներկայացուցիչների հետ և կողմերը գրեթե վերջնական պայմանավորվածության են եկել։

Ներկայումս Գյունդողանը շարունակում է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ մասնակցելով ՖԻՖԱ-ի Ակումբային աշխարհի առաջնությանը։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ի գնահատմամբ՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է մոտ 5 միլիոն եվրո։