Տիբո Կուրտուան՝ «Ռեալ Մադրիդում» կարիերան ավարտելու մասին

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ իր կարիերան կավարտի հենց Մադրիդի «Ռեալում»։ Ինչպես հաղորդում է AS-ը, Կուրտուան նշել է, որ լիովին նվիրված է ակումբին և բաց է պայմանագրի երկարաձգման հնարավորության առաջ։

«Ես շատ երջանիկ եմ «Ռեալ Մադրիդում»։ Այստեղ խաղալը ոչ միայն երազանքի իրականացում է, այլև շարունակական երազանք։ Ամեն նոր մրցաշրջան այս ակումբում ինձ համար մեծ պատիվ է։ Ակումբը գիտի, որ ես ցանկանում եմ մնալ, և եթե հնարավոր լինի, կուզենայի այստեղ ավարտել կարիերաս», — ասել է դարպասապահը։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Վերջերս շրջանառվում են լուրեր, որ աշխարհի ակումբային առաջնությունից հետո կողմերը նախատեսում են ստորագրել նոր, երկարաժամկետ պայմանագիր։