Ֆլորիան Վիրցը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Լիվերպուլ»

Գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը մեկնաբանել է իր բարձրաձայնված տեղափոխությունը գերմանական «Բայերից» դեպի անգլիական «Լիվերպուլ», որը պաշտոնապես հաստատվեց շաբաթ օրը։ 22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մերսիսայդյան ակումբի հետ, որն ըստ Transfermarkt-ի՝ նրա համար վճարել է 125 միլիոն եվրո, ինչպես նաև նախատեսել մինչև 25 միլիոն եվրո բոնուսային հավելավճարներ։

«Սա այն պահն էր, երբ հասկացա՝ ժամանակն է առաջ շարժվելու։ Ցանկանում էի միանալ աշխարհի լավագույն ակումբներից մեկին, և «Լիվերպուլը» հենց այդպիսին է։ Այստեղի մարդիկ համոզեցին ինձ, իսկ առաջարկը անկեղծորեն հիանալի էր», – նշել է Վիրցը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում։

Նրա տեղափոխությունը հնարավոր դարձավ տպավորիչ մրցաշրջանից հետո․ 2024/25 մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ գրանցելով 16 գոլ և 15 գոլային փոխանցում։ Այս ցուցանիշներով նա դարձավ գերմանական ակումբի գլխավոր ստեղծագործ ուժերից մեկը։