Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պաշտոնապես միացել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբին։ Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, պայմանագիրը կնքվել է հունիսի 21-ին և նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ֆուտբոլիստը սերբական գրանդում տարեկան կվաստակի 700 հազար եվրո։ Թիկնիզյանի այս տեղափոխությունը կարող է դիտվել որպես կարիերայի նոր փուլ՝ եվրոպական մրցունակ ակումբում խաղալու հնարավորություն։
«Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տրանսֆերի համար «Լոկոմոտիվին» վճարել է 1,7 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը հետագայում կստանա ևս 0,5 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։ Բացի այդ, «Լոկոմոտիվը» կստանա Թիկնիզյանի հետագա վաճառքից ստացված գումարի 10%-ը։