«Մանչեսթեր Յունայթեդը» իր ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Ռեալին»

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալ Մադրիդին» առաջարկել է 40 միլիոն եվրոյով գնել 27-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, հաղորդում է Defensa Central-ը։ Սակայն Մադրիդը չի ոգևորվել անգլիական ակումբի նախաձեռնությամբ։

Աղբյուրը նշում է, որ «Ռեալը» իսկապես քննարկում է հարձակման գիծը ուժեղացնելու հնարավորությունը, բայց փնտրում է այլ ոճի հարձակվողի՝ ոճով ավելի մոտ Խոսելուին։ Ռեշֆորդը, ով հաճախ խաղում է եզրից և նախընտրում է աշխատել գնդակով, չի տեղավորվում այս նախագծում։

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը չի տեսնում անգլիացուն իր հաջորդ մրցաշրջանի ծրագրերում։ Այս առումով ակումբը ակտիվորեն փնտրում է նրան վաճառելու տարբերակներ։

«Բարսելոնան» նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել Ռեշֆորդի նկատմամբ, բայց կատալոնացիները պատրաստ չեն վճարել պահանջվող 40 միլիոնը։