Վենսան Կոմպանին անդրադարձել է «Օքլենդ Սիթիի» դեմ ջախջախիչ հաղթանակին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին անդրադարձել է իր թիմի հաղթանակին Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» դեմ խաղում՝ 2025 թվականի ՖԻՖԱ-ի Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում։

«Մենք հիմա գովասանքի կամ նման բանի կարիք չունենք, մենք պարզապես կատարեցինք մեր աշխատանքը։ Մենք խաղացինք շատ լուրջ։ Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։ Գուցե այս խմբում գոլերի տարբերությունը այդքան էլ կարևոր չէ։

Երբ մրցակից թիմը խորը դիրքում է և լավ է պաշտպանվում, դա չի նշանակում, որ դու կխփես 10 գոլ։ Այսօր մենք ավելին չէինք կարող անել։ Ամենահիշարժան պահը Ջամալ Մուսիալայի ջանքն էր՝ հակառակորդի հարվածը կասեցնելու համար։ Եթե դու  նման խաղում այդպիսի բան ես անում, ապա լավ հիմք ունես», – ասել է Կոմպանին։