«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Անգլիա կժամանի այս շաբաթվա վերջին։ Այս մասին հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի տվյալներով՝ Վիրցի բժշկական զննումը նախատեսված է ուրբաթ օրը, որից հետո գործարքը պետք է կնքվի։ «Լիվերպուլը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի ֆիքսված 117 միլիոն եվրո, գումարած 19 միլիոն բոնուսների տեսքով։ Վիրցը կստորագրի հինգ տարվա պայմանագիր, ընդգծել է աղբյուրը։
Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները գերմանացու արժեքը գնահատում են 140 միլիոն եվրո։