ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան մեկնաբանել է Միացյալ Նահանգներում մեկնարկած Ակումբային աշխարհի առաջնությունը։ Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը ընթացիկ մրցաշրջանում հաղթել է թե՛ Ֆրանսիայի առաջնությունում, թե՛ գավաթի խաղարկությունում, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ազգային հավաքականի կազմում Վիտինյան իր հերթին դարձել է Ազգերի լիգայի հաղթող։
«Մեր կատարածով գոհ ենք։ Չեմպիոնների լիգայում հաղթելն աննկարագրելի պահ էր։ Բայց պատմությունը դրանով չի ավարտվում։ Հետո եղավ Ազգերի լիգան, իսկ այժմ՝ Ակումբային աշխարհի առաջնությունը։ Մրցաշրջանը շարունակվում է առանց դադարի։
Սա այն տիտղոսն է, որը ցանկանում ենք մեր հավաքածուում տեսնել։ Եթե հաղթենք նաև այս մրցաշարում, ապա այս պատմական մրցաշրջանը կդառնա պարզապես ֆենոմենալ։ Այո, սա հեշտ չէ ո՛չ մեզ, ո՛չ էլ մյուս թիմերի համար։ Սեզոնի ընթացքում հագեցած խաղացանկ ունեինք, շատ ճանապարհորդություններ՝ և՛ հավաքականների, և՛ ակումբների կազմում։ Բայց մենք ուժ ենք գտնում մեր մեջ՝ այդ հոգնածությանը դիմակայելու համար։ Նոր մրցաշարում խաղալու հնարավորությունն ու ԱՄՆ-ում գտնվելու ոգևորությունը մեզ լրացուցիչ էներգիա է տալիս», – Վիտինյայի խոսքերը փոխանցում է L’Équipe-ը։