Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է նոր թիմ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Fanatik-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գալաթասարայը» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները 33-ամյա գերմանացի դարպասապահի հետ, սակայն ակումբը դեռ պետք է բանակցի «Բարսելոնայի» հետ։

Նշվում է, որ եթե «Բլաուգրանան» բարձր գին չսահմանի ֆուտբոլիստի համար, տրանսֆերը կիրականացվի։

Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը խաղի, բաց է թողել 11 գոլ և մեկ անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։