Մեհդի Թարեմին չի կարողացել միանալ «Ինտերին»

Իտալիայի «Ինտերի» նորեկ Մեհդի Թարեմին չի կարողացել մեկնել Իրանից՝ երկրի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողը պետք է Թեհրանից ուղևորվեր Կալիֆորնիա՝ միանալու իր թիմակիցներին, որոնք նախապատրաստվում են 2025 թվականի Ակումբային աշխարհի առաջնությանը։

Իրավիճակը պայմանավորված է տարածաշրջանային լարվածությամբ․ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ ազդարարելով ռազմական գործողությունների սկիզբը, որի նպատակը եղել է Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի խաթարումը։ Իրանը պատասխանել է հակահարվածներով՝ առավոտյան ժամերին հարվածելով Իսրայելին։

Թարեմիի տեղափոխությունը ԱՄՆ ներկայումս հետաձգված է, սակայն «Ինտերը» կապի մեջ է 32-ամյա ֆուտբոլիստի հետ և փորձում է գտնել այլընտրանքային լուծում։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբն արդեն ԱՄՆ-ում է և պատրաստվում է Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 13-ը։ «Ինտերը» հանդես կգա E խմբում՝ մրցելով «Ուրավա Ռեդ Դայմոնդսի», «Մոնտերեյի» և «Ռիվեր Փլեյթի» դեմ։ Թիմի առաջին հանդիպումը կայանալու է հունիսի 18-ին՝ «Մոնտերեյի» հետ։