Գուտի. «Նա կարող էր լինել ավելի լավը, քան Մեսսին և Կրիշտիանուն»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին իր կարծիքն է հայտնել «Ալ-Իտիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի և մադրիդյան թիմի նախկին խորհրդանշական խաղացող Ռոնալդոյի մասին։

«Բենզեմա՞, թե՞ Ռոնալդո։ Ռոնալդոն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, որի կողքին երբևէ խաղացել եմ։ Եթե նա այդքան հաճախ վնասվածքներ չստանար, կգերազանցեր բոլորին՝ ներառյալ Կրիշտիանուին ու Մեսսիին», – նշել է Գուտին՝ ըստ Marca-ի։

Ռոնալդոն հանդես է եկել «Ռեալ Մադրիդում» 2002-2007 թվականներին և այդ ընթացքում դարձել է Լա Լիգայի հաղթող։ Բրազիլացի հարձակվողը ներկայացրել է նաև «Կրուզեյրու», ՊՍՎ, «Բարսելոնա», «Ինտեր», «Միլան» և «Կորինտիանս» ակումբները։ Նրա հաշվին գրանցված է 310 գոլ 482 ակումբային խաղում, ինչպես նաև 62 գոլ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 99 հանդիպումներում։ Բացի այդ, նա երկու անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ Բրազիլիայի հավաքականի կազմում։