Ռոբերտ Լևանդովսկին այլևս չի խաղա Լեհաստանի հավաքականում

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի խաղա Լեհաստանի հավաքականում, քանի դեռ Միխալ Պրոբեժը թիմի գլխավոր մարզիչն է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պրոբեժի որոշմամբ Լեհաստանի հավաքականում ավագի թևկապը Լևանդովսկուց անցել է «Ինտերի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկուն։

«Հաշվի առնելով հանգամանքները և Լեհաստանի հավաքականի մարզչի նկատմամբ վստահության կորուստը՝ ես որոշել եմ հրաժարվել Լեհաստանի հավաքականում խաղալուց, քանի դեռ նա մարզիչ է։ Հուսով եմ, որ կկարողանամ կրկին խաղալ աշխարհի լավագույն երկրպագուների համար», – գրել է 36-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։

Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 158 խաղ և խփել 85 գոլ։