Բրազիլական «Ֆլումինենսեի» նախագահ Մարիո Բիտենքուրը հայտնել է, որ կապ է հաստատել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շրջապատի հետ՝ քննարկելու նրա հնարավոր մասնակցությունը Աշխարհի ակումբային առաջնությանը։
Նրա խոսքով՝ ինքը անձամբ չի շփվել 40-ամյա պորտուգալացու հետ, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում է լքել «Ալ-Նասրը», բայց դրա փոխարեն դիմել է Ժորժե Մենդեշին, որը երկար տարիներ եղել է Ռոնալդուի գործակալը։
«Ես սերտ հարաբերություններ չունեմ Ժորժե Մենդեշի հետ, սակայն երբ զանգում եմ, նա պատասխանում է։ Նա երկար ժամանակ Ռոնալդուի գործակալն էր, բայց հիմա արդեն՝ ոչ։ Այնուամենայնիվ, ես կապ հաստատեցի նրա հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ հնարավորություն կա, որ Ռոնալդուն կարող է խաղալ «Ֆլումինենսեի» կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում։
Նա շատ անկեղծ էր և ասաց, որ այս պահին Ռոնալդուն հետաքրքրված չէ բրազիլական ֆուտբոլում խաղալով։
Ես նրան ասացի, որ «Ֆլումինենսեի» գույները նույնն են, ինչ Պորտուգալիայի դրոշինը, և որ Բրազիլիայում հանդես գալը հրաշալի բան կլիներ՝ մեր երկրպագուների երազանքն իրականություն դարձնելու տեսանկյունից։ Սակայն չարժե ասել, որ մենք Ռոնալդուին կոնկրետ առաջարկ ենք արել», – ասել է Բիտենքուրը՝ ըստ TMW-ի՝ հղում անելով «Setor Sul» փոդքասթին։