Գավին խոսել է ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին բարձր է գնահատել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դերը, որի հետ աշխատել է Իսպանիայի հավաքականում, ինչպես նաև խոսել է փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ն՝ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, թրեբլ նվաճեց, հաղթելով՝ Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։

«Ինձ համար Լուիս Էնրիկեն լավագույնն է։ Նա համար մեկ է, ակնառու՝ և՛ նա, և՛ իր անձնակազմը։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Նա է, ով թույլ տվեց ինձ նորամուտը նշել ազգային հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոնի՝ Իտալիայի հավաքականի դեմ՝ «Սան Սիրոյում»։ Ես երբեք չեմ մոռանա այդ օրը։ Նա արժանի է ամենայն բարիքի։

Ինձ համար ամեն ինչ բացարձակապես պարզ է։ Մարդիկ հավատում են մամուլում կարդացած ամեն ինչին։ Ես հասկանում եմ, թե ինչու կարող են այդպես մտածել։ Բայց դա տեղի չի ունենա։ Ես չափազանց հանգիստ եմ։

Իմ երազանքն ու իմ ձգտումն է ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»։ Սա իմ կյանքի ակումբն է, և ես ուզում եմ հաջողության հասնել այնտեղ։ Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում և ամեն ինչ կանեմ՝ ուզածիս հասնելու համար», – Գավիի խոսքերն է մեջբերում AS-ը։