Հայաստանի կանանց ազգային հավաքականը ավարտեց իր ելույթը ՈՒԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում՝ վերջին տուրում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղալով Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կայացավ Էշեն քաղաքի Սպորտպարկ Էշեն-Մորեն մարզադաշտում: Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում. 5-րդ րոպեին Լիխտենշտեյնը բացեց հաշիվը Հյուրլիմանի գոլով, սակայն 10-րդ րոպեին Աննա Դալլաքյանը հավասարեցրեց խաղի ելքը:
Երկրորդ խաղակեսում թիմերը կրկին գոլեր փոխանակեցին: 61-րդ րոպեին Լենա Գյոպելը կրկին առաջ մղեց Լիխտենշտեյնին, իսկ 89-րդ րոպեին Նարինե Դավթյանի խփած գոլը Հայաստանի հավաքականի համար ապահովեց մեկ միավոր:
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը, վաստակելով 6 միավոր, զբաղեցրեց խմբի երրորդ հորիզոնականը: Խմբում առաջին տեղը գրավեց Լյուքսեմբուրգը՝ 16 միավորով, երկրորդը՝ Ղազախստանը՝ 10 միավորով, իսկ Լիխտենշտեյնը 1 միավորով եզրափակեց աղյուսակը: