Յուրի Ջորկաեֆ. «Ես շատ բան եմ արել այս երկու ակումբների համար»

Այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտերը»։

Իտալական հեղինակավոր Corriere della Sera-ն հարցազրույց է անցկացրել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆի հետ։ Նա պատմական կերպար է ինչպես ՊՍԺ-ի, այնպես էլ «Ինտերի» երկրպագուների համար։ Ջորկաեֆը 1995/96 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում նվաճել է Գավաթակիրների գավաթը, իսկ 1996-1999 թվականներին հանդես է եկել «Ինտերի» կազմում՝ 1998 թվականին դառնալով ՈւԵՖԱ-ի Գավաթի հաղթող։

Նրա համար այս եզրափակիչը յուրահատուկ է, քանի որ կապված է իր կարիերայի երկու կարևոր ակումբների հետ:

«Սա սրտիս հանդիպումն է: Ես շատ բան եմ արել այս երկու ակումբների համար, բայց հատկապես կարևոր են Իտալիայում անցկացրած տարիներս, որտեղ ծնվել են իմ երկու երեխաները։ Ես շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար: Նրանք իսկապես արժեքներով մարդիկ են: Հենրիխը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»,- նշել է Ջորկաեֆը։