Երեք ակումբներ հետաքրքրված են Պաու Վիկտորի ծառայություններով

«Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Պաու Վիկտորը կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լրագրող Ադրիան Սանչեսի խոսքով՝ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Սևիլիան», «Վալենսիան» և «Ժիրոնան»։

Նշվում է, որ «Բլաուգրանան» բարձր է գնահատում Վիկտորի տաղանդը, ուստի ցանկանում է նրան վարձակալությամբ տրամադրել կամ վաճառել՝ հետգնման կետով՝ շահավետ պայմաններով։

Այս մրցաշրջանում Վիկտորը խաղադաշտ է դուրս եկել 29 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են հինգ միլիոն եվրո։