Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դժգոհ է իր հնարավոր վաճառքի մասին լուրերից։ Գերմանացի դարպասապահը մտադիր չէ լքել կատալոնական ակումբը։

Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը ներկայումս կենտրոնացած է 2024 թվականի սեպտեմբերին ստացած ծանր ծնկի վնասվածքից հետո իր լավագույն մարզավիճակը վերականգնելու վրա։

Տեր Շտեգենը ցանկանում է վերականգնել իր տեղը թիմի մեկնարկային կազմում։

Նշվում է, որ «Բարսելոնայի» համար խնդրահարույց կլինի 33-ամյա դարպասապահի վաճառքը՝ նրա բարձր աշխատավարձի, ինչպես նաև պայմանագրի տևողության պատճառով, որն ավարտվում է միայն 2028 թվականի ամռանը։ Կատալոնական ակումբը հակված է կարծելու, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կունենա երկու դարպասապահ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Վոյցեխ Շչեսնին։

Միևնույն ժամանակ, իսպանական գրանդի ղեկավարությունը սպասում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի պատասխանին։