«Բարսելոնան» համաձայնության է եկել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի գործակալների հետ։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը կլինի հինգ տարվա՝ ազգային հավաքական հրավիրվելու համար բոնուսով։ Այս պահին պայմանագիրը սպասում է ֆուտբոլիստի հաստատմանը։
Նշվում է, որ դարպասապահը բազմաթիվ առաջարկներ է ստացել տրանսֆերի վերաբերյալ, մասնավորապես՝ նշվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը», «Նյուքասլը», «Ասթոն Վիլան», «Նապոլին», «Ինտերը» և «Բայերը»։ Ֆուտբոլիստը որոշում կկայացնի գործակալների հետ հանդիպումից հետո, որը տեղի կունենա այս շաբաթավերջին։
Նշվում է, որ կատալոնացիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն եվրո։
Ժոան Գարսիան 24 տարեկան է։ Այս մրցաշրջանում նա 38 խաղում բաց է թողել 51 գոլ և ութ անգամ անառիկ է պահել դարպասը։ Գարսիայի գործող պայմանագիրը «Էսպանյոլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։