Կառլոս Վելան հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

Մեքսիկայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Վելան ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը «Լոս Անջելեսն» էր, որտեղ նա կմնա որպես դեսպան։

«Ես իմ կարիերայի ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հատուկ պահեր, բայց ժամանակն է պաշտոնապես ավարտել իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։

Բառեր չկան արտահայտելու իմ երախտագիտությունը ընտանիքիս, բոլոր այն ակումբներին, որոնք ինձ հնարավորություն տվեցին, և երկրպագուներին՝ իրենց աջակցության և սիրո համար։ Շնորհակալություն։ Մեծ պատիվ և արտոնություն էր այս կարիերան ձեզ հետ կիսելը», – գրել է 36-ամյա Վելան։

Վելան ամենաշատ ակումբային ֆուտբոլային խաղերն է անցկացրել «Ռեալ-Սոսյեդադի» կազմում (250 խաղ, 73 գոլ)։ Նա նաև 62 խաղ է անցկացրել և 11 գոլ խփել «Արսենալի» կազմում։ 2019 թվականին, «Լոս Անջելեսի» կազմում խաղալիս, նա դարձել է MLS-ի կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն (34 գոլ)։

Վելան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 72 խաղ (19 գոլ) և երկու անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։