«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է իր թիմի մրցաշրջանը Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակից հետո։
Նշենք, որ «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը «Քաղաքայիններին» ապահովեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և իրավունք տվեց մասնակցելու Չեմպիոնների Լիգային։ Ավելի վաղ Գվարդիոլայի թիմը Անգլիայի գավաթի եզրափակչում պարտվել էր «Քրիսթալ Փելասին» (0-1)։
«Մենք դա արեցինք։ Վերջիվերջո մենք երրորդ տեղը գրավեցինք՝ «Արսենալից» շատ հետ չմնալով, բայց դեռևս մեծ տարբերությամբ ենք մոտենում «Լիվերպուլին»։ Մենք պետք է ավելի լավը դառնանք, և հուսով եմ՝ կկարողանանք դա անել։ Այսօր ես թեթևություն եմ զգում, քանի որ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելը նման է տիտղոս նվաճելուն։ Սա փաստ է։ Երրորդ տեղը իսկապես լավն է։
Իդեալական չէ, բայց հաջորդ մրցաշրջանում մենք խաղալու ենք Չեմպիոնների Լիգայում։ Այնպես որ, գուցե մարդիկ չեն հավատում դրան, բայց սա մեզ համար բացարձակապես ուրախ օր է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։