«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է երեք ֆուտբոլիստի հեռանալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմի պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։

««Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը շնորհակալություն են հայտնում Վիկտորին, Ջոնիին և Քրիստիանին «Օլդ Թրաֆորդում» անցկացրած ժամանակահատվածում ունեցած ներդրման համար և մաղթում են նրանց հաջողություններ ապագայում։

Կիրակի օրը նրանցից յուրաքանչյուրը արժանացավ շնորհակալ հանդիսատեսի ծափահարություններին», – ասվում է ակումբի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Նշենք, որ երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղին (2-0)։