Լուկա Մոդրիչի հրաժեշտի խոսքը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

Մադրիդի «Ռեալի» խորվաթ լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պաշտոնապես հրաժեշտ տվեց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտին՝ անցկացնելով իր վերջին խաղը ակումբի կազմում Լա Լիգայի 38-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպմանը, որը ավարտվեց 2:0 հաշվով։ Հանդիպումից հետո 39-ամյա ֆուտբոլիստը հուզիչ ուղերձով դիմեց երկրպագուներին։

«Ես կավարտեմ մի արտահայտությամբ, որն ինձ շատ է դուր գալիս. մի՛ լացիր, նրա համար, որ դա ավարտվեց, այլ ժպտա, որովհետև դա տեղի ունեցավ։ Կեցցե՛ «Ռեալ Մադրիդը» և ուրիշ ոչինչ։ Շնորհակալություն»,- ասաց Մոդրիչը մարզադաշտում հավաքված երկրպագուներին։

Խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է տասներեք մրցաշրջան՝ դառնալով ակումբի պատմության ամենահաջողակ կիսապաշտպաններից մեկը։ Նա կլքի ակումբը աշխարհի ակումբային առաջնությունից հետո՝ թողնելով հուշերով լի և տիտղոսներով հագեցած ժառանգություն։