Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և նրա կինը՝ Կարլա Պերեյրան, ականատես են եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովի սպանությանը։ Տեղեկությունը հաղորդում է իսպանական «El Espanol»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին Մադրիդում՝ այն դպրոցի մոտակայքում, որտեղ սովորում են Սիմեոնեի դուստրերը՝ Ֆրանչեսկան և Վալենտինան։ Նույն դպրոցում էին սովորում նաև սպանվածի երեխաները։
Կարլա Պերեյրան նշել է, որ տեսածն շատ ծանր փորձություն է եղել. «Դա շատ դժվար պահ էր բոլորիս համար։ Խնդրում եմ՝ հարգեք տուժած ընտանիքների անձնական տարածքը։ Այժմ ամենակարևորը մեր երեխաների անվտանգությունն է»։
Դեպքի վայրում գտնված վկաների վկայություններով՝ սպանությունն իրականացրել են դեռևս անհայտ անձինք, որոնց ինքնությունը իրավապահները փորձում են պարզել։ Ներկայումս քննությունը շարունակվում է։
Պետք է նշենք, որ Անդրեյ Պորտնովը ժամանակին համարվել է Յանուկովիչի ամենամտերիմ մարդկանցից մեկը։