Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» ֆուտբոլիստ Գոռ Մանվելյանի հետ։
Հիշեցնենք, որ Գոռ Մանվելյանը ֆրանսիական «Նանտի» սան է։ Ծնվել է Ստեփանակերտում (Արցախ), մանուկ հասակում տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ սկսել է կարիերան «Սեն-Լո» և «Գրանվիլ» ակումբներում։ 2015 թվականին միացել է «Նանտին», անցնելով բոլոր տարիքային խմբերը։ 2024 թվականին տեղափոխվել է Հայաստան և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
– Ինչպե՞ս եք սկսել ձեր ուղին ֆուտբոլում։ Ո՞վ է ձեզ ամենաշատը ոգեշնչել։
– Իմ եղբայրը միշտ սիրել է ֆուտբոլը, ուստի նա իր կիրքը փոխանցեց ինձ։ Այնուհետև այն ֆուտբոլիստը, ով իսկապես ստիպեց ինձ սիրել ֆուտբոլը, դա Կրիշտիանու Ռոնալդուն էր։
– Ինչպե՞ս կգնահատեք ձեր ընթացիկ մարզավիճակը և ելույթները այս մրցաշրջանում։
– Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ իմ խաղը բավականին լավն էր, բայց ես հավակնոտ մարդ եմ և գիտեմ, որ միշտ կարող եմ ավելի լավ խաղալ, ուստի երբեք բավականաչափ գոհ չեմ լինում։
– Որն է այն հանդիպումը, որը դուք երբեք չեք մոռանա՝ լավ կամ վատ առումով։
– Կարծում եմ՝ դա Ֆարերյան կղզիների դեմ խաղն էր Հայաստանի ազգային հավաքականի կազմում, քանի որ ես խփեցի իմ առաջին գոլը, և դա մեծ հպարտություն է ինձ համար։
– Որտե՞ղ եք ձեզ տեսնում հինգ տարի անց՝ ակումբային կամ ազգային հավաքականի տեսանկյունից:
– Ինչպես արդեն ասացի, ես շատ հավակնոտ եմ, ուստի ես ինձ տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում, և Հայաստանի ազգային հավաքականի հետ հուսով եմ՝ մենք կկարողանանք որակավորվել մեծ մրցաշարի։
– Ո՞րն է Ձեր ամենամեծ ուժը դաշտում, իսկ ի՞նչն է, որ դեռ ցանկանում եք բարելավել:
– Իմ ամենամեծ ուժը իմ տեխնիկան և խաղադաշտում իմ ինտելեկտն է, և այն, ինչ ես պետք է բարելավեմ, կասեի՝ իմ մարզական ունակություններն ու ագրեսիվությունը։
– Կիսապաշտպանի դերակատարումն ի՞նչ կերպ է փոխվել վերջին տարիներին, Ձեր կարծիքով:
– Կիսապաշտպանների դերը հսկայականորեն զարգացել է, դա շատ կարևոր դիրք է, և ես կարծում եմ, որ հիմա մենք թիմի սիրտն ենք՝ թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության մեջ։
– Հայաստանի հավաքականի առաջիկա նպատակը Ձեզ համար ո՞րն է:
– Նախևառաջ մենք պետք է վերականգնվենք այս բարդ ժամանակահատվածից հետո, քանի որ մենք անկասկած ունենք դրա համար անհրաժեշտ միջոցները, ապա, ինչպես արդեն ասացի, կձգտենք որակավորվել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների համար։
– Ձեր կարիերայում եղե՞լ է պահ, երբ մտածեցիք ամեն ինչ թողնելու մասին:
– Անկեղծ ասած, ես շատ բարդ ժամանակներ եմ անցել «Նանտում»՝ թե՛ երիտասարդությանս տարիներին, թե՛ այնտեղ անցկացրած վերջին տարիներին, բայց երբեք չեմ մտածել ամեն ինչ թողնելու մասին, քանի որ ես հոգեպես ուժեղ եմ, և միշտ կարողանում եմ վերականգնվել, հատկապես շնորհիվ իմ ընտանիքի, որը միշտ աջակցում է ինձ ցանկացած պահի։
– Ի՞նչ նպատակներ եք Ձեր առջև դրել առաջիկա հինգ տարվա համար:
– Նախևառաջ ես ուզում եմ փորձել օգնել այն թիմին, որի կազմում խաղում եմ, և այս պահին ես ինձ շատ լավ եմ զգում «Նոայում», իսկ հետո նպատակ ունեմ վերադառնալ մեծ լիգա։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ես հույս ունեմ առաջիկա տարիներին ինձ առաջատար դիրք գրավել և որքան հնարավոր է շատ օգնել իմ երկրին։
– Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը՝ կապված թե՛ ֆուտբոլի, թե՛ անձնական կյանքի հետ։
– Իմ կյանքի ամենամեծ երազանքն ու նպատակն այն է, որ իմ ընտանիքը հպարտանա ինձանով։