Էմանուել Պետի․ «Մբապպեն չի կարող միայնակ հաղթել»

Ֆրանսիացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է «Ռեալ Մադրիդի» խնդիրների մասին։ «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի բոլոր երեք մրցաշարերում, իսկ «Լոս Բլանկոսը» բոլոր ճակատներում զբաղեցրեց երկրորդ տեղը։

Վերջին Էլ Կլասիկոյում, որտեղ որոշվում էր Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը, Կիլիան Մբապեն հեթ-տրիկ ձևակերպեց, բայց կատալոնացիները միևնույն է հաղթեցին 4-3 հաշվով։

«Բոլորը տեսան, որ «Բարսելոնան» հիմա ավելի լավն է, քան «Ռեալը»։ Մբապպեն չի կարող միայնակ խաղեր հաղթել։ Նրան իսկական թիմ է պետք, իսկ «Ռեալ Մադրիդը» դա չի ունեցել ամբողջ մրցաշրջանում», – Պետիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Կիլիան Մբապպեն գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների ցուցակը՝ մինչև եզրափակիչ փուլ մտնելը, 29 գոլով։