Չնայած «Բարսելոնան» Լա Լիգայի այս մրցաշրջանում հռչակվել է չեմպիոն, թիմի երկրպագուները լուրջ դժգոհություններ ունեն հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի խաղից։
Դժգոհության ալիքը բռնկվել է Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղից հետո, որտեղ Շտեգենը բաց է թողել երեք գոլ և ոչ մի սեյվ չի իրականացրել։ Խաղն ավարտվել է «Բարսելոնայի» 2-3 հաշվով պարտությամբ, չնայած այն հանգամանքին, որ թիմը արդեն ապահովել էր չեմպիոնության տիտղոսը։
Երկրպագուների կարծիքով՝ Շտեգենն այլևս չի ցուցադրում այն մակարդակը, որով նա առանձնանում էր նախորդ տարիներին։
«Մեր վերջին տարիների միակ հաջող մրցաշրջանն այն էր, երբ Շտեգենը չէր խաղում մեկնարկային կազմում։ Դա պատահականություն չէ», – գրել է օգտատերերից մեկը։
«Նա փչացրեց Մեսսիի վերջին տարիները «Բարսելոնայում»։ Չենք պատրաստվում թույլ տալ, որ նույնը պատահի Լամինի հետ։ Ժամանակն է կանգնեցնել այս ամենը»։
«Պետք է անպայման վաճառել նրան։ Նա չի ցուցադրում իր լավագույն որակները», — նշել է մեկ ուրիշ երկրպագու։
Նշենք, որ մրցաշրջանի մեծ հատվածում Շտեգենը բացակայել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, իսկ այդ ընթացքում «Բարսայի» դարպասը վստահված էր Վոյցեխ Շչեսնին։