Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահության և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» հեռացնել Fastex Պրեմիեր Լիգայից:
Որոշման հիմքում թիմի՝ առաջնության ընթացքում երկու հանդիպմանը առանց ընդունելի պատճառի չմասնակցելն է (Հավելված 1 Ա, 7-րդ կետ):
Մասնավորապես, 2025 թվականի մայիսի 9-ին նախատեսված «Վեստ Արմենիա» – «Արարատ-Արմենիա» խաղը չի կայացել, ինչի արդյունքում Կոմիտեն «Վեստ Արմենիայի» հաշվին գրանցել է տեխնիկական պարտություն՝ 0-3 հաշվով։
Ավելին, ակումբը հետ է վերցվել 2024-25թթ. Fastex Պրեմիեր Լիգայի մրցաշրջանից և զրկվել է այդ մրցաշրջանում և ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
Ակումբին հաջորդ մրցաշրջանում թույլատրվելու է մասնակցել միայն Առաջին Խմբի առաջնությանը:
Բացի այդ, «Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ-ն տուգանվել է 2 միլիոն ՀՀ դրամի չափով՝ ըստ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 2024 թվականի խմբագրության 21-րդ հոդվածի 4-րդ կետի: