«Ռեալ Մադրիդը» պատրաստ է Ռոդրիգոյի համար առաջարկներ լսել

Հարձակվող Ռոդրիգոն այլևս չի դիտարկվում որպես անձեռնմխելի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես հայտնում է Sports Zone-ը, Մադրիդյան ակումբի ղեկավարությունը բաց է քննարկել բրազիլացու հնարավոր տրանսֆերը։

Աղբյուրի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալներն արդեն կապ են հաստատել մի շարք բարձրակարգ ակումբների հետ, ներառյալ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Արսենալը»։ Ներկայումս բանակցություններ են ընթանում նաև Փարիզի ՊՍԺ-ի հետ, սակայն ֆրանսիական ակումբը դեռևս չի հանդես եկել որպես բրազիլացուն գնելու լուրջ հավակնորդ։

Ըստ Transfermarkt-ի՝ Ռոդրիգոյի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրն «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

2024/25 մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 50 հանդիպման տարբեր մրցաշարերում՝ խփելով 13 գոլ և գրանցելով 10 գոլային փոխանցում։