Նոր տեղեկություն Սեսկ Ֆաբրեգասի ապագայի վերաբերյալ

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը չի պատրաստվում հեռանալ իտալական ակումբից, չնայած «Բայեր Լևերկուզենի» և մի շարք եվրոպական թիմերի հետաքրքրությանը։ Այդ մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) հարթակում։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 12-ին «Կոմոյի» ղեկավարությունը պաշտոնապես տեղեկացրել է «Բայերին», որ Սեսկ Ֆաբրեգասը մնում է թիմում և մասնակցելու է ակումբի երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Նշվում է, որ Ֆաբրեգասը երբևէ չի եղել «Կոմոյից» հեռանալու շեմին և մշտապես եղել է լիարժեք ներգրավված ընթացիկ նախագծում։

Ֆաբրեգասի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև «Լայպցիգը», «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան», սակայն նա նախընտրել է մնալ Իտալիայում։

Նա գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի ամռանը։ Այս պահի դրությամբ՝ Ա Սերիայի 35 տուրերից հետո, «Կոմոն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։