Պեպ Գվարդիոլան պատասխանել է Կևին Դե Բրույնեի խոսքերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակից (1-0) հետո խոսել է թիմի ավագ Կևին Դե Բրույնեի՝ թիմից այս մրցաշրջանի ավարտին հեռանալու մասին։

33-ամյա բելգիացին խփեց հաղթական գոլը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում և խաղից հետո ասաց. «Չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց գիտեմ, որ դեռ կարող եմ խաղալ այստեղ»։

Ապրիլի սկզբին Դե Բրույնեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։

«Վստահ եմ, որ Կևինի համար հեշտ չէ, բայց նրա ներդրումը հսկայական և կարևոր է եղել։ Նա ոչինչ ապացուցելու կարիք չունի։ Ես գիտեմ նրա որակները և ինչ մակարդակի վրա է նա։ Առանց նրա մեզ համար անհնար կլիներ այս տարիները ապրելը։ Նա անհավանական խաղացող է, բայց իրավիճակն այդպիսին է։

Նման խաղացողին փոխարինելը գրեթե անհնար է։ Խոսքը միայն նրա ելույթի մասին չէ, այլև այն մասին, թե ինչ է նա նշանակել երկրպագուների համար տարիների ընթացքում։ Մեր նվաճումները ֆուտբոլիստներինն են», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։