Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի հետ։
– Ինչպե՞ս սկսեց ձեր ֆուտբոլային ճանապարհը, և ո՞վ էր առաջին մարդը, որ հավատաց Ձեր տաղանդին։
– Փոքր ժամանակ բակում խաղալիս միշտ տարբերվել եմ բոլորից, որովհետև միշտ ինձանից ավելի մեծերի հետ էի ֆուտբոլ խաղում։ Շատ մարդիկ են նկատել իմ տաղանդը, բայց առաջին մարդը դա Հակոբ Անդրեասյանն էր, ով առաջին անգամ ինձ հրավիրեց «Բանանց», այտեղից էլ սկսվեց իմ ֆուտբոլային ճանապարհը։
– Ինչպե՞ս կատարվեց Ձեր տեղափոխությունը Ամստերդամի «Այաքս»։ Այդ պահը համարում ե՞ք կարիերայիդ կարևոր շրջադարձը:
– Ամստերդամի «Այաքսը» շատ վաղուց հետևում էր ինձ, մանկապատանեկան առաջնություններից, երբ մենք հաղթեցինք Հոլանդիայի հավաքականին 2-0, հետո երբ 17 տարեկան էի արդեն խաղում էի Հայաստանի ազգային հավաքականում։ Նրանք ներկա գտնվեցին մի քանի խաղերի ու ինձ հրավիրեցին Հոլանդիա։ Կարող եմ ասել իհարկե շրջադարձային եղավ, բայց և ամենացավալին երբ մեծացա ու հասկացա, թե որտեղ եմ եղել ու ինչու կարիերաս այդպես դասավորվեց։

– Որքա՞ն դժվար էր հարմարվել արտասահմանում՝ և՛ ֆուտբոլային, և՛ մարդկային առումով։
– Դժվար չէր, քանի որ խոսում էի անգլերեն այդ իսկ պատճառով խոչնդոտներ չկային։
– Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք փոխել Ձեր կարիերայում, եթե հնարավորություն լիներ:
– Այո, ավելի ուշադիր կլինեի իմ մարմնի հանդեպ, ավելի պրոֆեսիոնալ կլինեի ու երբեք ոչ մի բան վաղվա օրվան չէի թողնի։ Կյանքը շատ կարճ է առավել ևս ֆուտբոլում… ու շատ ավելի հավատքով կլինեի, հավատքը և սերը մարդու գլխավոր առաքելությունն է այս կյանքում։
– Ինչպե՞ս եք հիշում Ձեր առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականում։
– Շատ քիչ բան եմ հիշում այդ տարիներից, բայց միշտ հպարտ եմ եղել լինել հավաքականի մի մասնիկը։
– Ո՞րն է ամենահիշարժան պահը հավաքականում անցկացրած տարիներից։
– Չեմ ուզում առանձնացնել, բոլոր պահերն էլ փորձ են եղել թե լավ թե վատ ու Աստծուց շնորհակալ եմ չնայած շատ մեծ փորձությունների ու անարդար պահերով լցված կյանքիս ամեն մի վայրկանը անցել եմ բարձր գլխով ու հպարտ եմ դրա համար։
– Ինչն է Ձեզ ուժ տվել հաղթահարելու վնասվածքներն ու բարդ փուլերը:
– Ես գիտեմ որ այդ ծանր պահերին Աստված միշտ իմ հետ է եղել ու ուժ է տվել նորից ու նորից բարձրանալու վերև։
– Կա՞ մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ առանձնահատուկ ազդեցություն է թողել Ձեզ վրա:
– Բոլորը իրենց ներդրումն են ունեցել, լավ թե՛ վատ, երկու դեպքում էլ շատ բան եմ սովորել։
