Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հանդես է գալիս «Ինտերում», խոսել է ակումբի և ազգային հավաքականի կազմում խաղալիս զգացմունքների տարբերության մասին։
«Մանկուց ի վեր իմ երջանկությունը ֆուտբոլն էր, գնդակով խաղալն ինձ համար ամեն ինչ էր։ Ես երբեք չեմ կորցրել դեմքիս ժպիտը, միշտ երջանիկ էի։ Եվ նույնիսկ հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ անում եմ այն, ինչ սիրում էի անել մանկության տարիներին և այն, ինչ սիրում եմ անել հիմա։
Ես արդեն չորս տարի է, ինչ չեմ խաղացել ազգային հավաքականում, բայց երբ խաղում էի, միշտ ունեի եռանդ, կիրք և հաղթելու ցանկություն, քանի որ Հայաստանի նման երկրի համար հաղթանակը ամեն ինչ է։
Ակումբում ամեն ինչ այլ է, քանի որ կան շատ օտարերկրացի խաղացողներ, և բոլորը փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես նրանցից մեկն էի, ես նույնն արեցի, և ուրախ եմ, որ Հայաստանի ներկայացուցիչն էի Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, ամենուր, որտեղ խաղացել եմ», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Նախկինում նա հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են իտալական «Ռոման», անգլիական «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», գերմանական «Բորուսիան», ուկրաինական «Շախտյորը» և «Մետալուրգը»։
Հենրիխ Մխիթարյանի հարազատ ակումբը հայկական «Փյունիկն» է։