ՈւԵՖԱ-ն կարող է փոխել Չեմպիոնների Լիգայի կանոնակարգը, քննարկվում է լրացուցիչ ժամանակի հեռացման հարցը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ակումբներին տեղեկացրել է Չեմպիոնների Լիգայի կանոնակարգում հնարավոր փոփոխությունների մասին։

Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիտարկվում է մրցումների փլեյ-օֆֆի փուլում լրացուցիչ ժամանակի չեղարկման տարբերակը։ Առաջարկվում է խաղի հիմնական ժամանակի ավարտից անմիջապես հետո անցկացնել 11 մետրանոց հարվածաշար՝ պայմանով, որ ընդհանուր հաշիվը լինի ոչ-ոքի։ Այս միջոցը պետք է նվազեցնի ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը։

Նաև մեկ երկիր ներկայացնող ակումբները կարող են առանձնացվել մինչև Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ Նշվում է, որ վաղ փուլերում մեկ երկրի թիմերի մասնակցությամբ հանդիպումները հետաքրքրություն չեն առաջացնում երկրպագուների և հեռարձակողների շրջանում։

Բացի այդ, հնարավոր է ներդնել կանոն, ըստ որի՝ մրցաշարի ընդհանուր փուլի առաջին ութնյակի ակումբները, ուղղակիորեն դուրս գալով 1/8 եզրափակիչ, փլեյ-օֆֆի բոլոր փուլերի պատասխան հանդիպումները տանը կանցկացնեն ավելի ցածր տեղեր զբաղեցրած թիմերի հետ։

Գործող կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին որոշում կարող է ընդունվել մայիսի 30-ին ՈՒԵՖԱ-ի ասամբլեայում, որը տեղի կունենա Մյունխենում։