Հոկեյը վերադարձավ Հայաստան․ Fastex-ն ու YoHealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն էին

Fastex-ը և YoHealth-ը տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորներն են։ Հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 15 տարի դադարից հետո վերադարձավ Հայաստան։ Առաջնության խաղերն անցկացվեցին ապրիլի 13-19-ը Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում։ Վադիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում հոկեյի լիգայի ակումբներից ընդգրկվել էին 21 մարզիկ։

Ապրիլի 13-ին տեղի ունեցավ միջոցառման բացման արարողությունը, ինչին հաջորդեց դրոշների շքերթը։ Առաջնության պաշտոնական թալիսմանի՝ հայկական գամփռի գլխավորությամբ սահադաշտ դուրս բերվեցին առաջնության մասնակից երկրների՝ Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի դրոշները:

Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը 13:3 հաշվով առավելության հասավ Քուվեյթի հավաքականի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթեց Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Հաջորդ օրը Հայաստանի հավաքականն իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներում, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթեց՝ 2։0 հաշվով։ Ապրիլի 16-ին Քուվեյթի հետ կայացած խաղում նույնպես ոչ-ոքի գրանցվեց՝ 4-4, իսկ ավելացված ժամանակում հաղթական տափօղակն իրենց հաշվին գրանցեցին քուվեյթցիները և Հայաստանի հավաքականը կրեց իր առաջին պարտությունը։

Նախավերջին տուրում Հայաստանի հավաքականն առանց խնդրի՝ 8-0 հաշվով հաղթեց Իրանին, իսկ խաղային եզրափակիչ օրը՝ 14-1 հաշվով Ինդոնեզիային:

Արդյունքում՝ Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ առաջնության հաղթանակած և հաջորդ տարի III դիվիզիոնում հանդես գալու իրավունք նվաճած Ուզբեկստանի ընտրանուն զիջելով մեկ միավորով: Քուվեյթը 11 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտային իրադարձություններին։