«Մանչեսթեր Սիթին» Էդերսոնին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Պորտուի» 25-ամյա դարպասապահ Դիոգու Կոշտային՝ որպես Էդերսոնի հնարավոր փոխարինողի։ «Քաղաքայինները» պորտուգալացի ֆուտբոլիստին կարող են ձեռք բերել հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կոշտայի պայմանագրում կա 63 միլիոն ֆունտ ստեռլինգ (73,7 միլիոն եվրո) ազատման կետ: «Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ այս գումարը չափազանց մեծ է։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով անգլիական ակումբի նոր մարզական տնօրեն Ուգո Վիանայի և 25-ամյա խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի լավ հարաբերությունները, «Քաղաքայինները» հույս ունեն ձեռք բերել Կոշտային 50 միլիոն ֆունտով (58,5 միլիոն եվրո)։

Այս մրցաշրջանում Կոշտան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ անառիկ պահելով դարպասը 18 խաղում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։