AS. Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարևոր հանդիպումներ բաց թողնել

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (4-3)։

Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնայի» հանդերձարանում հոռետեսորեն են վերաբերվում ֆուտբոլիստի՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու հնարավորություններին։ Հնարավոր է, որ լեհ հարձակվողը ունի ազդրի պատռվածք։ Այս դեպքում նրան կարող է անհրաժեշտ լինել առնվազն երեք շաբաթ՝ ապաքինվելու համար։

Դա նշանակում է, որ Լևանդովսկին բաց կթողնի ապրիլի 26-ին կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչը։

Նաև այս տարբերակով դժվար թե Լևանդովսկին մասնակցի «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին (ապրիլի 30 և մայիսի 6)։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկին անցկացրել է 31 հանդիպում, դարձել 25 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։