Ռոբերտ Լևանդովսկին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել այլ ակումբ։ 36-ամյա լեհ հարձակվողը MLS-ում խաղալու տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, փորձառու կենտրոնական հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսին»:

Լևանդովսկու պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը: Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում լեհը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում․ խփել է 25 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նա «Բարսայում» խաղում է 2022 թվականից։