«Ռեալի» ֆուտբոլիստը Ֆլորենտինո Պերեսին ասել է, որ կհեռանա թիմից, եթե Անչելոտտին մնա թիմում

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերը «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ասել է, որ կհեռանա ակումբից, եթե հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչը մնա Կառլո Անչելոտտին։

Այս մասին հայտնում է Real Madrid Confidential-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբը չի դիտարկում թուրք ֆուտբոլիստի հեռանալու տարբերակը, որը բարդ վիճակում է դրել Պերեսին, և նա պետք է որոշի, թե որն է լավագույնը «Ռեալի» ապագայի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյուլերը դժգոհ է Անչելոտտիի տրամադրած խաղաժամանակից։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 1170 րոպե։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։