Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր շարքերում տեսնել «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբային։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆրանսիացուն այս շաբաթ թիմերի հանդիպման ժամանակ շատ է հավանել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակ է, ինչ հետևում է Սալիբային: Այս խաղացողի մասին մադրիդյան թիմը դրական տեղեկություններ է ստացել նույնիսկ «Սենտ Էտյենում» հանդես գալու ժամանակ:
Միաժամանակ նշվում է, որ Սալիբայի տեղափոխությունը «Ռեալ» այս ամառ քիչ հավանական է, քանի որ այն չափազանց թանկ կարժենա, իսկ «Արսենալը» չի ցանկանում կորցնել խաղացողին։
«Սերուցքայինների» ռազմավարությունը 2026 թվականի ամռանը մատչելի գումարով գնելն է Սալիբային կամ 2027 թվականի կեսերին խաղացողին ստորագրել որպես ազատ գործակալ։ «Ռեալը» վերջին տարիներին հաճախ է կիրառում այս ռազմավարությունը։