Բրազիլիայում տարօրինակ ֆուտբոլային կանոն է ընդունվել․ Նեյմարը դժգոհ է

Նեյմարը դժգոհություն է հայտնել բրազիլական ֆուտբոլում գործող նոր կանոնից։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) որոշել է պատժել ֆուտբոլիստներին, եթե նրանք երկու ոտքով կանգնեն գնդակի վրա, հայտնում է ESPN-ը։

CBF-ն ազգային լիգայի բոլոր ակումբներին ծանուցել է, որ այսուհետ ֆուտբոլիստները դեղին քարտ կստանան դրա համար, իսկ հակառակորդ թիմը կարժանանա տուգանային հարվածի:

Ըստ CBF-ի՝ գնդակի հետ նման գործողությունը ոչ միայն «մեծացնում է վնասվածքի վտանգը և խաթարում խաղը», այլև համարվում է «սադրիչ հակառակորդի նկատմամբ և անհարգալից խաղ»։

«Ֆուտբոլն ավելի ու ավելի ձանձրալի է դառնում»,- սոցցանցում պատասխանել է Նեյմարը։

33-ամյա հարձակվողը ներկայումս հանդես է գալիս «Սանթոսում» և հանդիսանում է թիմի ավագը։